14_07-motkor-2Դսեղ գյուղամիջում նստած տղամարդկանց հետ միանգամից զրույցի բռնվեցի, ասացին, որ գոհ են իրենց ապրելակերպից:

«Հա, խի չպտի լավ ապրենք, գոհ ենք»,- մի տեսակ անտարբեր ասաց նրանցից մեկը: Ցերեկվա այդ ժամին գյուղամիջում իրենց պարապ նստելն էլ բացատրեցին «կիրակի լինելով»: Զարմացա` գյուղացու համար կիրակին ո՞րն է: Նրանք էլ զարմանքիս վրա ծիծաղեցին: Հարցրի` ինչու՞ չեք աշխատում: «Որտե՞ղ: էգուց- էլոր էսա հունձը սկսում ա, կաշխատենք: Հնձելու վախտն ա: Տնամերձում էլ ամեն ինչ ցանել ենք»,- ասաց նրանցից մեկը, որից էլ անմիջապես հարցրի անուն, ազգանունը:

«Վարդան,- պատասխանեց ու հետաքրքրվեց,- էդ խի՞ ես հարցնում»: «Բա չիմանա՞նք ազգանունդ»,- ասացի:

Վարդանն էլ, քաղաքացի կին տեսած գեղացու տափակ հումորով, մատը կողքին նստած տղամարդու կողմը տնկելով` ասաց. «Էս ընկեր Հախվերդյանն ա»: Հետո, հավանաբար վախենալով, որ կնեղանամ, անմիջապես իրեն ուղղեց ու շատ քաղաքավարի ասաց. «Ես էլ Գաբոյան Վարդանն եմ»:

«Հախվերդյան Վալտերն եմ»,- համեստորեն ներկայացավ մատնացույց արվածը: Նրան հարցրի, թե նախկինում ինչ էր աշխատում: «Հմի էլ եմ աշխատում»,- ասաց Վալտերը: Պարզվեց` դպրոցի զինղեկն է: Որպեսզի աշխատող ներկայանա, Հախվերդյանն ասաց, թե «էսա գնալու է անտառ, սարի կտրելու»:

Հարցրի, թե Հովհ. Թումանյանի 140-ամյակի առթիվ դսեղցիների համար ինչ խնդիրներ է լուծել ՀՀ կառավարությունը: «Ճանապարհը սարքել ա, ասֆալտապատել ա»,- հնչեց ի պատասխան:

«Ախր, ճանապարհը մի քանի տարի առաջ է սարքել, նոր ինչ է արել»,- համառեցի ես: «Այտա, խու ամեն տարի կարա՞լ չի անի: Աշխատատե՞ղ, չէ հա, ու՞ր ա: Ամոթ չի ըլի՞լ, որ աշխատատեղ ստեղծի, շատ էլ լավ կլի, բայց, թե ու՞ր ա»,- միջամտեց մեկ ուրիշը:

14_07-motkor-3Անցանք գյուղի վարելահողերին: Տղամարդիկ ասացին, որ Դսեղը շուրջ 700 հա չմշակվող վարելահող ունի, որոնք հիմնականում խոտհարքի տակ են:
«Հողը ինչո՞վ մշակեմ, փող ունե՞մ, որ մշակեմ: 13 հազար դրամ թոշակ ենք ստանում, ինչո՞վ մշակեմ: Բա ինչո՞վ եմ ապրըմ: Էն էլ ես չեմ ստանում, կեսուրս ա ստանում, 4 անձ ենք: Տոկոսներով ենք ապրում: Մենակ մի մարդի 1000 դոլար տոկոս ունենք տալու: Ըհը: Այ, դրանով ենք ապրում»,- փրփրած զրույցին խառնվեց աննկատ մեզ մոտեցած դսեղեցի միջահասակ մի կին:
«Անուն չունեմ ես: Պարտադիր չի, որ անունս իմանան: Հմի բանջարեղեն են բերել,- ձեռքը դեպի գյուղամիջի «Էստի համեցեք» խանութը մեկնելով` առանց շունչ քաշելու շարունակեց,- այ, մի ժամ կանգնեցեք ու տեհեք` ո՞վ տի մի կիլո պոմիդոր առնի գյուղումը: Ոչ մինը: Չունեն, որդիա՞ն առնեն: Սպասում են` հավը մի ձու ածի, որ բերեն առնեն: Մի հիմնարկություն չկա, գեղը 3-4 հազար բնակիչ ունի: Անունս կարևոր չի»,- կրկին համառեց նա:

«Անունդ ասա, աղջի»,- հրամայեց Վարդան Գաբոյանը:

14_07-laura«Հլա լսի, որ հարցնում եք, դուք ավելի լավ գիտեք, գրեցեք, գրեցեք, բոլորն են դժգոհ, խու մենակ ե՞ս չեմ: Անունս Լաուրա ա, 7 հազար մետր հող ունեմ, հողը ո՞նց մշակեմ, վառելիք չունեմ, սերմացու չունեմ, հմի էլ վարկեր ա, վարկեր են տվել, մարդիկ չեն կարում փակվեն, 1000 դոլար էլ ես եմ վեր կալել: Դեռ փակվելու ժամանակը չի, բայց մտածում եմ, թե ո՞նց տեմ փակվի, 1000 դոլարն էլ ում պարտք եմ ելել, կես մին տվել եմ: Եսիմ ի՞նչ եմ արել: Հա, դե ի՞նչ ա, խոսացնում ա, բան եմ անում,- հանկարծ նեղսրտեց Լաուրան և մի փոքր մեղմացած բացատրեց,- որը ճիշտ ա, էն ենք ասում: Ամուսինս ա»:

14_07-motkor-1Գյուղամիջում, Հովհաննես Թումանյանի հուշարձանի հարևանությամբ գտնվող պուրակում նստած Դսեղի երիտասարդ տղաներն էլ բացատրեցին իրենց պարապության պատճառները. «Գործը տվին ու չաշխատեցի՞ն: Ստեղծածն էլ արգելում են: Ուզում ենք րեխանցը լավ պահենք, բայց չի ստացվում»:

Երբ փորձեցինք նրանց լուսանկարել, կատակեցին` «Տակին էլ կգրեք` Դսեղի անբան ջահելները»:

Թե ինչու՞ իրենց նախաձեռնությամբ աշխատատեղ չեն ստեղծում` հավանոց, թռչնաբուծական ֆերմա, խոզաբուծական ֆերմա կամ որևէ բիզնես` երիտասարդ մի դսեղեցի, որն այդպես էլ չցանկացավ նշել իր անունը, բացատրեց. «Գյուղ ա, ի՞նչ նախաձեռնություն անենք, հողը մշակել եմ 20 հա, 2 տարի իրար վրա կարկուտը խփեց, պետությունը ոչ մի բանով չհատուցեց: Խոզաբուծությամբ էլ էի զբաղվում: Ոչ մի պետության մեջ այնպիսի անկանոն գներ չկան, ոնց որ Հայաստանում: Կերից բռնացրած: Թեփը, գարին: Այնպիսի անկանխատեսելի գներ ա, որ Ռուսաստանի հետ համեմատում ես էդ գները, իրար հետ չի բռնում: Մի օր կարա թեփը արժենա 1500 դրամ, մի 2 ամիս հետո էդ թեփը կարա արժենա արդեն կրկնակի: Ժողովուրդը հողագործությամբ ինչո՞վ զբաղվի, սելիտրի գինը ի՞նչ արժե, ես չեմ ասում` Հայաստանում գյուղատնտեսական ձեռներեցությամբ անհնար է զբաղվելը, ես ասում եմ` դժվար է զբաղվելը: Դժվարությունները հաղթահարելու համար էլ պայմաններ չեն ստեղծում: Պետությունն ընդհանրապես որևէ բանով չի աջակցում»:

Դսեղում գյուղացիները համայնքի բյուջեի մասին առհասարակ չէին խոսում: «Աղքատ բյուջեում ի՞նչ կա, որ ի՞նչ հարց լուծի»,-ասաց երիտասարդներից մեկը:

Պարզվեց` հողը մշակելու գործում որևէ աջակցություն չստացող դսեղցիները, այդուհանդերձ, չեն զլանում վճարել իրենց հարկերը: Համայնքի բյուջեի 2009 թ. եկամուտները պլանավորվել են 28,8 մլն դրամ, որից 1-ին կիսամյակում մուտքեր ապահովվել են 14 մլն դրամի չափ: Համայնքապետարանը 10,6 %-ով է կատարել անհատ ձեռնարկատերերից ու քաղաքացիներից նախատեսված գույքահարկի եկամուտների 1-ին կիսամյակի հավաքագրումը՝ 1,9 մլն դրամից հավաքագրվել է 24 հազար դրամ:

«Սովորաբար, այս հարկատեսակը մինչև տարեվերջ ենք հավաքում, բացի այդ, դժվարություններ էլ կան: Շատ ավտոմեքենաներ ՄՌՈՒ-ում գրանցված են, բայց իրականում չկան»,- պարզաբանեց համայնքապետ Գառնիկ Հովսեփյանը: Ըստ եկամուտների կիսամյակային հաշվետվության` գյուղատնտեսական նշանակության հողի նախատեսված 7,9 մլն դրամ եկամուտների մուտքերը կազմել են 4,7 մլն դրամ:

Դսեղցիները, պարզվում է, պարտքեր չսիրող ժողովուրդ են, իրենց բերանից կտրում են ու հարկերը վճարում: Համայնքապետն այս կապակցությամբ էլ ասաց, որ թեև դսեղցիները վարելահողերը որպես խոտհարքներ են օգտագործում, բայց ինչքան եկամուտ են ստանում, այնքանով էլ հողի հարկեր են վճարում: Իսկ իր ղեկավարած համայնքի գյուղացիների ապրելակերպի մասին հարցին Գառնիկ Հովսեփյանը պատասխանեց. «Մեր ապրուստն ի՞նչ է, մի կտոր չոր հաց, էն էլ, հրեն հա, երկնքից կախված»

Комментарии

Популярные сообщения из этого блога

ԴՍԵՂԻ ՄԱՄԻԿՈՆՅԱՆՆԵՐԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ:

Դսեղի համառոտ պատմությունը

Սիրուն Խաչ...