Մտածողը...2


ԱՄԵՆԱՀԵՐՈՍԸ (ՎԱՆՆԱՆՑ ՍՈՍԻՆ)
Հին է Դսեղը, հին, շատ հին գյուղ է,
Ճշտգրիտ տարիքը ո՛չ-ոք չգիտի:
Ասենք՝ այնքան հին, որքան որ հին է
Անտակորեն խոր հունը Դեբեդի...
Այնքան հին, որքան որ հին է գուցե _
Մանուշակաբույր շունչը հովերի,
Գուցե այնքան հին, որքան որ հին է
Չքնաղատեսիլ ղիրքը Ծովերի...
Անհաշիվ է հին Լոռու Դսեղը,
Մի բան կա հաստատ, որ գյուղի տեղը
Ինչ-որ ժամանակ քաղաք է եղել,
Հնաբաններն են այդ փաստն էլ պեղել...
Քաղաք է եղել՝ շեն ու շնորհքով,
Հետո չգիտես ինչ-ինչ հրաշքով
Շեն պալատները փոխվել են հյուղի,
Քաղաքն էլ կրկին վերածվել գյուղի...
Ի՞նչ խոսք, հրա՛շք է սա արտասովոր,
Բայց թե ինչեւէ, դա չէ կարեւոր:
Կարեւորն այն է, որ այնքան դարեր
Ամրոց է եղել Դսեղն անառիկ _
Ծեծված, կողոպտված, անարգված հայի
Արդար մնացած չնչին պատառիկ...
Գյուղն իր պատմության ամեն մի դարում,
Ինչպես ծառն է իր ճյուղը զարդարում,
Մայր առյուծի պես վեհորեն թիկնել _
Մի քանի պաշտպան կորյուն է երկնել...
Ծծել են կաթը նրանք մայրական,
Դարձել առյուծներ՝ խրոխտ, առնական,
Նենգ, նեռ թշնամուն հեռու են վանել,
Իրենց սիրելի մորը պաշտպանել...

Ու այսպես տոկուն, այսպես մարտունակ,
Տասնյակ ու տասնյա դարեր շարունակ
Քաջ դսեղցիներն առյուծի նման
Պահել են իրեն գյուղը աննման...
Պահել են գյուղը... Ու անկախ շահից,
Ո՛չ մի թշնամի դսեղցու ահից _
Լիներ դա պարսիկ, լիներ թուրք, թաթար,
Ոտք չէր դրել գյուղ՝ մտքերով  խաթար...
Մի թուրք էր միայն Դսեղում բազմել,
Բացառություն էր այդ դեպքն էլ կազմել,
Այն էլ ո՛չ մի կաթ արյուն չէր հեղել,
Հիմի կպատմեմ թե ոնց է եղել...
Քսաներորդ դարի տասնութ թվին,
Երբ ռուս դարբինը կռում էր սվին,
Երբ ողջ աշխարհը իրար էր անցել,
Մի պահ անտեր էր գյուղը մնացել:
Կռվի պիտանի տղերքը գյուղի՝
Ծառայում էին տարբեր զորքերում.
Մեկը բոլշեւիկ, մյուսը՝ մենշեւիկ,
Մեկելն էլ՝ դաշնակների շարքերում...
Մի քաոսային քաշքշուկ էր դա,
Ե՛վ ձյուն էր գալիս, եւ՛ կայծակ շաչում...
Կորչի՛ էդ թիվը ու էլ հետ չգա _
Շունը տերը չէր ճանաչում...
Ահա այ շաշ, խառը պահին
Մի առավոտ լուր են տալիս.
Թե բա թուրքի Իմիր փաշեն
Գյուղի վրա դուրս է գալիս...
Քոլագիրան կայարանից
Մարտակարգով զորք փռած,
Բարձրանում է սողունի պես _
Աչքը գյուղի  վրա չռած...
Որպես գյուղի տեր բազմանշանակ,
Սոսին էր նստած այդ սուղ ժամանակ:
Խոշոր մասշտաբի վաճառական ու
Մեծ մարդասեր էր Վաննանց Սոսին:
Նրա անունով Լոռին էր երդվում,
Հայտնի էր Սոսին՝ ամբողջ Կովկասին...
Բաքվում նա իր սեփական
Նավթի աշտարակն ուներ,
Թիֆլիսի մեջ՝ գովական
Մեծ խանութներ, լավ տներ,
Փոթու ծովով արտաքին
Աշխարհի հետ էր կապվում,
Հարստությունը ոսկով,
Ադամանդով էր չափում:
Ու ամեն տեղ իր ընտրած
Գործակատարը դրած,
Ինքն ապրում էր Դսեղում՝
Իր հայրենյաց, իր գեղում...
Լոռեցու փառքն ու պարծանքն էր Սոսին:
Թումանյանն էլ է ինչ-որ առիթով
Բանավոր ձեւով հիշել  այդ մասին...
Չքավորներին՝ պարկերով ալյուր,
Շաքար ու նավթ էր ձմեռը տալիս,
Խղճահարվելուց իրար էր անցնում _
Աղքատի վիզը ծուռը տեսնելիս...
Թե պատմեմ նրա արարքը բոլոր,
Մի ամբողջ տարի կլնի հարկավոր:
Ուստի անցնենք մեր բուն նպատակին՝
Թուրքին մոռացանք Դսեղի տակին...
Խենթ, ամենակուլ հեղեղի նման
Տարածվեց գյուղում չարագույժ լուրը,
Մեր, մանուկ ու ծեր՝ թողած գործ ու բան,
Թափվեցին իսկույն Սոսիի դուռը...
Աղեն, որ նոր էր արթնացել քնից,
Աղմուկի վրա դուրս ելավ տնից,
Ու բազմաբերան ամբոխը խաժամ
Բոթեց Սոսիին այդ լուրը դաժան...
Ինչպես ասեցի, բացակա էին
Կռվի պիտանի տղերքը բոլոր,
Հայելով անայր խուճապված խալխին,
Էս խեղճ Սոսին զուտ մնում է մոլոր...
Խորհուրդ է կանչում գյուղի մեծերին.
-Լսե՛ք, - ասում է, - ո՛վ զինվորներ հին,
Ասում եք՝ թուրքը գյուղ է բարձրանում,
Խելք խելքի տվեք թե ինչ ենք անում...
Հալեւորների խումբը խո՜ր զգաց
Իրենց ուսերին ծանրացած բեռը,
Ի մի բերեցին մտքերը շաղված,
Սարթացավ նրանց  հոնքերի կեռը...
Խուզող հաըացքով նայեցին իրար,
Նրանց մեջ արի զինվորը դեռ կար,
Պաղող արյունը գոլացա՜վ, խաղա՜ց,
Բոլորի մտքում նույն միտքը շողաց.
- Ա՛յ աղա Սոսի, բեր կռիվ անենք...
- Մեկ չի՞ թե էսոր, թե վաղը մեռնենք...
-Ես «մոսին» ունեմ... ես էլ՝ «այնալու»,
Դե թող գա՛, տեսնենք ու՞մ  մերն է  լալու...
Ժպտաց բարեսիրտ մեծ դսեղեցին,
Ծերերը նրա քեֆը բերեցին.
-Չէ՛, -ասավ, - իզուր արյուն չեմ թափի,
Չորս-հինգ ճիպոտով ավել չես կապի,
Համ էլ դուք շատ եք կռիվ գնացել,
Մի քանի ծերուկ մարդ ե մնացել,
Ու հիմի տանեմ ձեզ գյուլլի բերա՞ն,
Չէ՛, ավելի՛ հեշտ ճար գիտեմ դրան...
Դուք ձեր տեղերում հանգիստ մնացեք,
Սոսին է գյուղի տերը, իմացե՛ք,
Եթե հարկ եղավ՝ ոսկո՛վ կկռվի,
Չի՛ թողնի գյուղի մազն անգամ ծռվի...
Աղուհաց տանենք ընդունենք փաշին,
Դառը սխտորն է համ տալիս խաշին:
...Էդպես էլ արին: Ու օրվա ճաշին_
Որպես հին ծանոթ, կամ թե դրացի,
Սոսիի տանը ճոխ արձակ ու շեն՝
Շարբաթ էր խմում թուրք Իմիր փաշեն:
Կերան, խմեցին, մինչեւ մութն ընկավ,
Սոսին Իմիրին անչափ դուր եկավ,
Երբ ուզում էին պառկեն քնելու,
Փաշեն թե՝ -Սոսի՛, բան եմ ասելու,
Ջահել տղա եմ՝ իղձս անհամար,
Մի սիրուն կին բեր էսօր ինձ համար...
Սոսնի արյունը քունքերում եռա՜ց,
Զայրույթից կանգնած տեղը երերած,
Բայց դե ելք չուներ, դեմը փաշեն էր,
Գյուղն էլ՝ լեփ-լեցուն նույնատիպ շներ,
Մի ավել խոսքը տեղովը շառ էր,
Ասածը կաներ, գյուղն էլ կվառեր...
...Մի քիչ մտածեց... Մտածեց, մնաց,
Լուռ, առանց խոսքի դուրս եկավ գնաց,
Ու մի քիչ հետո հետ եկավ կրկին,
Հետը բերելով մի գլխիկոր կին...
Փաշեն ելավ նստած տեղից,
Գեղեցկուհուն մոտեցավ,
Երեւի թե շատ մոտիկից
Նրան տեսնել ցանկացավ...
Սոսիի ձեռքը դաշյւնին սահեց,
Բայց նա մի կերպով ինքն իրեն պահեց:
Փաշեն՝ յուր աջը ադամանդազարդ
Դանդաղ մոտեցրեց կնոջ ծնոտին,
Բարձրացրեց քողը... ու շանթահարված
Հետ թռավ, ծեփվեց սրահի պատին...
Ու այդպես պատին կպած էլ սառավ,
Ասես թե խելքը գլխիցը թռավ,
Սառը քրտինքը վրովը  հոսեց,
Նա կակազելով մի կերպ խոսխոսեց.
- Այ Սոսի ախպե՞ր... էս քու կինը չի՞...
Էս նա չի՞ որ նոր մեզ հաց էր տալիս...
Էս ի՞նչ տեսիլք է գլուխս գալիս...
Դու իմ ախպերն ես, կինդ՝ իմ քիրը,
Շան ծիծ չէր կերել փաշա Իմիրը,
Էս ի՞նչ քայլ արիր Վաննա՛նց Սոսի,
Դե պատասխանը ասում եմ, լսի՛,
Որ հայ չեմ ինչ է, մարդ էլ չեմ հա՚ ես...
Չէ՜, աղա Սոսի, դա թվում է քեզ,
Ամեն ազգ մարդ է՛լ, նամարդ էլ ունի,
Տղեն է տղա, ազգն ի՞նչ կապ ունի...
- Դե դու չգիտես... կարմրեց Սոսին, -
Ծերերն ինձ ախր առավոտն ասին՝
Բեր Իմիրի հետ մարտը ընդունենք,
Կամ հաղթենք, կամ էլ՝ պատվավոր մեռնենք,
Ե՛ս չթողեցի կռվեն անտեղի,
Չնկա՛ արնի տակ մի ամբողջ գեղի,
Առաջին թուրքն ես, որ Դսեղ մտար,
Դու պատմության մեջ քու էջը գտար,
Ե՛ս եմ մեղավոր քու գալուդ համար,
Էլ ու՞մ կնիկը բերեմ քեզ համար...
-Ո՜չ ... ճչաց փաշեն, - դու մեղավոր չե՛ս,
Քեզ պես ոսկի մարդ չեմ էլ տեսել  ես,
Իսկ կռվի համար շա՛տ ճիշտ ես վարվել,
Արդար ես վարվել, որ չես ընդհարվել,
Կռվի իսկական ճշմարիտ ելքը
Որոշում է միշտ սրամիտ խելքը,
Դու յուրօրինակ հերոս այր ես մի,
Ո՛չ, քիչ է հերոս, ԱՄԵՆԱՀԵՐՈ՛Ս...
Ու ծափ զարկեց դռնապանին.
-Թռի՛ր, -ասավ, -էս վայրկյանին
Վաշտապետերին շուտ կանչի՛ր ինձ մոտ,
Լոռուց գնում եմ էգուց առավոտ...
Ու հաջորդ օրը՝ առավոտ ծեգին
Զորքը շարք կանգնեց  ողջյունեց Սոսնին,
Փաշեն էլ պաչեց ճակատը նրա,
Ու քաշեց զորքը Ղազախի վրա...
                                                             

ԵԶԱԿԻ ԿԻՆԸ

 Իրեն կնկա հետ մի հեռու երկրում
Մեծ վաճառական մի մարդ էր ապրում,
Կինը միշտ մնում տան գործն էր անում,
Ինքն էլ գնում էր առևտուր անում:

 Մի օր էս մարդը առևտուրն արած,
Ուղտերի երկար քարավանն առած
Օտար աշխարհից իր տունն էր դառնում:
Ճամփին մի ձորի միջով անցնելիս
Ավազակները վրա են տալիս,
Սրա բեռներին լրիվ տիրանում,
Իրեն էլ բռնում գերի են տանում:
Բայց արի ու տես որ նրա բեռներում
Ոչ զարդ է լինում, ոչ էլ ոսկեղեն,
Որ բեռը նրանք որ բաց են անում,
Կամ հագուստներ են, կամ՝ կտորեղեն:

 Ավազակները խորհուրդ են անում,
Թե այդ բարդ գործից ոնց գլուխ հանեն,
Քարայրում ապրող մարդիկ են իրենք,
Փալաս-փուլուսը ինչ պետք է անեն:

 Բայց լինում է այդ ավազակներին
Մի փորձված, հմուտ ավազակապետ,
Կանչում է իր մոտ վաճառականին,
Ու բացեիբաց խոսում նրա հետ.
 - Ինձ ճի°շտը ասա,
Թող քեզ չթվա թե խափկանք է սա,
Տանը ո՞վ է քո գործերը վարում,
Մինչ շրջում ես դու օտար աշխարհում:

 Վաճառականը քիչ հապաղում է, բայց հայտարարում
Որ իր փոխարեն բոլոր գործերը կինն է կատարում:
- Ուրեմն նամակ գրիր դու նրան,
Թող մեզ ուղարկի չորս հարյուր ոսկի,
Մենք քո բեռները լրիվ հետ կտանք,
Կյանքդ էլ սովդաքյա՛ր, միայն դա կփրկի...

 Վաճառականը հնազանդվում է
Նենգորեն արած այդ առաջարկին,
Թուղթ գրիչն առնում նամակ է գրում,
Ու հանձնում է այն պետ ավազակին:

 Սա էլ առնում է գիշերով գալիս,
Վաճառականի տան զանգը տալիս,
Դուռը բացում է մի գեղեցկուհի,
Մի հուրի-փերի չքնաղ դիցուհի...

 Խելքը գնում է մեծ ավազակի,
Այդքան սիրուն կին չէր տեսել իսկի
Նրա աչքերը ճակատն են թռչում,
Չի էլ իմանում թե ոնց է կանչում.
- Ներեցե՛ք, դու՞ք եքՙ «այսինչ»՚ տիկինը...
- Ե՛ս եմ...  ժպտում է գեղեցիկ կինը...
- Ես ձեր ամուսնուց նամակ եմ բերել,
Նայեցե՛ք ահա, թե ինչ է գրել...
 Կարդում է կինը մարդու նամակը,
Իսկույն հաշվում է, լցնում տոպրակը՝
Տան եղած ոսկին, մինչ զարդը վերջին,
Ու բերում դնում նրա առաջին:

 Մեծ ավազակը չոքում է գետին.
- Լսի՛ր, ասում է, ո՜վ սիրուն տիկին,
Փողը ինձ պետք չէ, քեզ լինի ոսկին,
Պետք չեն գանձերդ, զարդդ թանկագին,
Մենակ էս գիշեր թող մոտդ մնամ,
Առավոտ կանուխ վեր կենամ գնամ,
Քո ամուսնուն ես ազատ կարձակեմ,
Բեռներն անարատ բարձեմ ուղարկեմ...

 - Ո՛չ... խոժոռվում է ազնիվ տիկինը, _
Փողով չեմ ծախում ես իմ մարմինը,
Իմ մարդու գլխի գլխարկն անգին է,
Ո՛չ ոք չի կարող վճարել գինը...

 Ավազակն այդժամ այլ զենք է առնում,
Եվ այս ձևով է տիկնոջը դառնում.
- Դե որ այդպես է, այստեղ քո ձեռքից
Ոսկիներդ ու փողերդ կառնեմ,
Կերթամ այնտեղ էլ հենց իմ դաշյունով
Քո սիրեցյալի փորը կխառնեմ,
Բեռներն էլ ամբողջ կրակի կտամ,
Մի շահու ապրանք չեմ թողնի անգամ...

 - Արա՛ ինչ կուզես...
Արցունքի միջից տիկինն է կանչում, _
Ես իմ ամուսնուն լա՛վ եմ ճանաչում,
Կգերադասի պատվավոր մեռնել,
Քան իր նամուսը ցեխոտված տեսնել...
...Շարժվում է գութը մեծ ավազակի.
- Ների՛ր, ասում է, գերազնի՛վ տիկին,
Քեզ պես ազնիվ կին ես չեմ էլ լսել,
Թեև ավազակ, բայց մարդ ենք մենք էլ:
Կյանքումս, տիկին, հավատա՛, երբե°ք
Ո՛չ մի կաթ անմեղ արյուն չեմ թափել,
Կերթամ քո մարդուն ես ազատ կանեմ,
Փողն էլ ինձ պետք չէ, ես փող շատ ունեմ...  

 Այդպես է ասում ավազակը հին,
Իր ձիուն նստում քշում է գալիս,
Գալիս է հասնում վաճառականին,
Իջնում է թամբից ու ձայն է տալիս.
- Վե՛ր կաց ախպեր ջան,
Բեռներդ բարձիր, ազատ ես, գնա՛,
Քո կնոջ նման ով կին ունենա _
Թող նա՛ պարծենա...

...Սրանով բնավ ես  չեմ հակասում
Մեծ Թումանյանին, կամ թե Ֆիրդուսուն,
Այլ ես ուղղակի ուզում եմ մարդկանց ասել սրանով ,
Որ թող ո՛չ մեկը երբեք չչափի
Ողջ կանանց սեռը միևնույն արշինով,
Կին կա, որին դու կարող ես խաբել
Մի բաժակ գինով,
Կին էլ կա՝ որին չե°ս կարող հասնել
Եվ ո՛չ մի գնով...





Комментарии

Популярные сообщения из этого блога

Մեծ Լոռեցին:

ԴՍԵՂԻ ՄԱՄԻԿՈՆՅԱՆՆԵՐԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ: