Նոր շունչ Դսեղի զբոսաշրջությանը


Թումանյանի ծննդավայր Դսեղն այսուհետ ՙԾովեր՚ կոչվող հանգստի գոտում կարող է ընդունել էկոտուրիզմի սիրահարներին£ Հանգստի գոտի հասնելու համար ուղենշաններ են տեղադրվել ինչպես Դսեղի մուտքի մոտ, այնպես էլ գյուղամիջյան հրապարակի մոտակայքում:
Զբոսաշրջիկներին գեղեցիկ ու հարմարավետ ներկայանալու համար Ծովեր լճի մոտ ստեղծվել են էկոտուրիզմի զարգացման համար անհրաժեշտ կառուցվածքներ: Տարածքում գործող այցելուների տունն էլ ՙԾովեր՚ հանգստի գոտի այցելողներին վճարովի հիմունքներով կարող է տրամադրել քնապարկ, վրան, փչվող ռետինե նավակներ, ինչպես նաեւ էկոլոգիական տրանսպորտ հանդիսացող հեծանիվներ: Ի դեպ, վճարովի կլինեն նաեւ տարածքում տեղադրված հանգստի տաղավարները, իսկ մուտքը տարածք անվճար է, սակայն այցելուն պարտավորված կլինի տեղանքից գնալիս աղբը ոչ թե թողնել բնության գրկում կամ ուղղակի լիճը լցել, այլ դուրս բերել տարածքից կամ էլ գցել լճի տարբեր անկյուններում տեղադրված աղբամաններում:

Եվրամիության եւ Ավստրիական զարգացման համագործակցության կողմից ֆինանսավորվող, ինչպես նաեւ Համաշխարհային բանկի IUCN-ի եւ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (WWF-Հայաստան) կողմից իրականացվող ՙԱնտառային օրենսդրության կիրարկման եւ անտառային ոլորտի կառավարման բարելավում Եվրոպական հարեւանության քաղաքականության արեւելյան երկրներում եւ Ռուսաստանում՚ ծրագրի շրջանակներում նախօրեին Դսեղում կազմակերպվել էին մաքրման աշխատանքներ, ինչպես նաեւ ազդարարվեց ծրագրերի ավարտական առաջին փուլը:
Ծրագրի համակարգող Գեռա  Ոսկանյանը նշում է, որ <Ծովեր> հանգստյան գոտու ստեղծումը կարող է Դսեղ համայնքի համար այլընտրանքային եկամտի աղբյուրի հիմք հանդիսանալ:
<Սա հենց ծրագրի հիմնական նպատակներից մեկն է, ինչու չէ` նաեւ այլընտրանքային եկամտի աղբյուր ստեղծել էկոտուրիզմի զարգացման միջոցով, դրա հետ մեկտեղ նվազեցնել համայնքի կողմից անտառահատումների գործընթացը>,-  ասում է Գ. Ոսկանյանը` հավելելով, որ տարածքը հանձնվելու է համայնքապետարանին, որն էլ կղեկավարի այն:
Ծրագրի համակարգողը նաեւ նշեց, որ մինչեւ ծրագրի մեկնարկը լճի հարեւանությամբ ոչինչ չկար, բայց, այդուհանդերձ, Ծովեր լիճը միշտ էլ այցելուների պակաս չի զգացել: Սակայն հիմա, արդեն, ինչպես ներգնա, այնպես էլ օտարազգի զբոսաշրջիկները, տեսնելով մաքուր եւ քաղաքակիրթ վայրը, պարտավորված կլինեն տարածքը մաքուր պահել: WWF-Հայաստան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանը նաեւ բացատրեց, թե ինչու է ընտրվել հատկապես Դսեղ համայնքը. <Ծրագրի իրականացման համար ընտրվել է Դսեղը, քանի որ բացի գեղատեսիլ լինելուց, այն նաեւ հայոց մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդավայրն է: Չպետք է անտեսենք նաեւ Դսեղը երիզող գեղեցիկ բնությունն ու մշակութային կոթողները>:
Հիշեցնենք, որ Դսեղի մոտակայքում կան պատմամշակութային հուշարձաններ, եկեղեցիներ, բնական հուշարձաններ եւ սառնորակ աղբյուրներ, որոնցից հայտնին Գիքորի աղբյուրն է:
Նշենք նաեւ, որ նույն ծրագրի շրջանակներում Դսեղ գյուղում բացվել են երեք հյուրատներ, որոնք պատրաստ են իրենց հարկի տակ ընդունել Դսեղում գիշերել ցանկացող զբոսաշրջիկներին: WWF-Հայաստան գրասենյակի ղեկավարի խոսքովª այդ հյուրատները վերանորոգվել են եւ կահավորվել ծրագրի շրջանակներում: Ի դեպ, նշենք, որ մեկ գիշեր հյուրատանը հյուրընկալվելու դեպքում մի զբոսաշրջիկի գիշերակացը` նախաճաշի հետ միասին սահմանվել է  5-7 հազար դրամ:
Հյուրատներից մեկի սեփականատեր Բյուրեղիկ Սարգսյանը <Երկիր>-ի հետ զրույցում նշեց, որ գոհ է ծրագրից եւ շտապեց ասել, որ իր հարկի տակ արդեն բազմաթիվ հյուրեր է ընդունել ինչպես Գերմանիայից, Արգենտինայից, Ռուսաստանից, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերից:
Հարցին, թե ինչպես է շփվում օտարազգի հյուրերի հետ, տիկին Բյուրեղիկը դժվարացավ պատասխանել, սակայն հպարտորեն նշեց, որ արդեն սկսել է անգլերեն պարապել: Նա նաեւ հյուրերի հուշամատյան է պահում, որտեղ արդեն իրենց գրառումներն են կատարել բազմաթիվ զբոսաշրջիկներ:


Комментарии

Популярные сообщения из этого блога

Դսեղի համառոտ պատմությունը

Մտածողը...2

ԴՍԵՂԻ ՄԱՄԻԿՈՆՅԱՆՆԵՐԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ: